Ամերիկացին կնոջ սպանության մասին խոստովանել է Facebook-ում (տեսանյութ)
Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Մայամիի 31-ամյա բնակիչ Դերեք Մեդինային, երբ վերջինս Facebook սոցկայքում տեղադրել է իր՝ վիճաբանության ժամանակ սպանված կնոջ՝ Ջենիֆեր Ալֆոնսոյի լուսանկարը և անկեղծ խոստովանությունը, գրում է Life News-ը։
«Ինձ բանտ կամ մահապատիժ է սպասում կնոջս սպանության համար։ Սիրում եմ ձեզ և կկարոտեմ։ Դուք կտեսնեք ինձ լուրերում։ Իմ կինը ծեծում էր ինձ, և ես այլևս չէի պատրաստվում հանդուրժել դա։ Ես արել եմ, ինչ արել եմ։ Հուսով եմ՝ դուք ինձ կհասկանաք»,- գրել է Դերեք Մեդինան կնոջ լուսանկարի տակ։
Լուսանկարում երևում է, որ կինն ընկած է անկյունում, նրա գլուխը և ձեռքերն արյունոտ են։ «Մենք արգելափակել ենք Դերեքի աքաունթը և հեռացրել լուսանկարը։ Բացի այդ, մենք այդ մասին տեղեկացրել ենք ոստիկանությանը»,- նշել են Facebook-ի ներկայացուցիչները։
Մեդինան նշել է, որ ողբերգության նախօրեին նրանք կնոջ հետ վիճել են։ Ջենիֆերն ասել է ամուսնուն, որ հեռանում է, և ամուսինը վերցրել է զենքը։ Ձերբակալվածի խոսքով՝ վեճի ընթացքում կինը վերցրել է դանակը և փորձել հարվածել ամուսնուն։ Մեդինային հաջողվել է խլել դանակը կնոջ ձեռքից, սակայն վերջինս շարունակել է հարվածել իրեն բռունցքներով։ Դերեքը ստիպված է եղել կրակել կնոջ վրա։
Դեպքի պահին տանը գտնվել է նաև Դերեքի 10-ամյա դուստրը, որը թաքնվել է հարևան սենյակում։
Նախկինում Մեդինան հայտնի էր դարձել համացանցում որպես ընտանեկան հոգեբանության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ։











