Աբդուլլահ Գյուլը հոդված է գրել՝ պահանջելով ազատ արձակել Մուրսիին

15:06 • 09.08.13

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հոդված է գրել Իսպանիայում հայտնի El Pais պարբերականի համար՝ Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի ազատ արձակման պահանջով, հայտնում է «Ջիհան» գործակալությունը։

 

Աբդուլլահ Գյուլը կարևորել է Եգիպտոսի դերն արաբական աշխարհում և նշել, որ երկիրը հայտնվել է դժվարին իրավիճակում, որը վտանգի տակ է դնում նաև Արաբական գարունն ու դրա հետևանքով առաջացած «երիտասարդ ժողովրդավարությունը»։

 

Նա հիշեցրել է, որ Թուրքիան 2011թ.-ի հունվարի 25-ին աջակցեց Եգիպտոսում ժողովրդի ազատության, ժողովրդավարական հեղափոխությանը և ինքը դարձավ հեղափոխությունից հետո այդ երկիր այցելած առաջին նախագահը։

 

Գյուլն ընդգծել է, որ Եգիպտոսում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահին պաշտոնանկ անելը խոր հիասթափություն է առաջացրել։

 

«Եգիպտոսի ապագան ժողովրդավարության ճանապարհն է»,-ասել է Գյուլը և նշել, որ այն դարձյալ պետք է վերակառուցվի։

 

Նա կոչ է արել ազատ արձակել Մուրսիին և ձերբակալված այլ գործիչների, որպեսզի նրանք ևս մասնակցեն առաջիկա ընտրություններին։