Human Rights Watch-ը Ռուսաստանում ձերբակալված ներգաղթյալների պայմաններն անմարդկային է որակել
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ռուսաստանում ներգաղթյալների զանգվածային ձերբակալությանը՝ նշելով, որ հարյուրավոր ներգաղթյալներ ձերբակալված են և վրանային ճամբարում պահվում են անմարդկային պայմաններում, հայտնում է կազմակերպության կայքը։
Հուլիսի վերջին Մոսկվայի ոստիկանությունը մեծ արշավ է սկսել ապօրինի ներգաղթյալների դեմ՝ մաքրելով փողոցի շուկաները, և այն վայրերը, որտեղ ներգաղթյալները հավաքվում են՝ «մարդկանց ձերբակալելով նրանց ոչ սլավոնական արտաքինի հիման վրա»: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այս ընթացքում ավելի քան 4.000 մարդ է ձերբակալվել:
«Այս գործողությունները խախտում են միջազգային իրավական դաշտում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները: Առանց փաստաբանի երկարատև ձերբակալությունը, անմարդկային պայմանները պետք է դադարեցվեն»,- ասել է Տանյա Լոկշինան՝ Human Rights Watch-ի ռուսաստանյան ծրագրի ղեկավարը:
Human Rigths Watch-ը շեշտում է, թե ինչ պայմաններում են գտնվում ձերբակալված ներգաղթյալները. նրանք պահվում են առանց էլեկտրականության, վատ սանիտարական պայմաններում, չունեն հաղորդակցվելու, իրենց ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու ոչ մի հնարավորություն, նրանց տրամադրվում է անբավարար սնունդ և սահմանափակ խմելու ջուր:
Ձերբակալվածները հնարավորություն չունեն փաստաբանի և թարգմանիչների հետ հանդիպելու, նրանցից շատերը ռուսերեն խոսել չգիտեն:
Վտարման սպասող ներգաղթյալներից ոմանք ունեն երկրում օրինական մնալու իրավունք, սակայն նրանց հնարավորություն չի տրվում տեղեկացնելու դատավորին իրենց օրինական կարգավիճակի մասին, գրում է Human Rights Watch-ը:










