Սիրիայի տարածքում ահաբեկչության տարածումը վտանգավոր է դառնում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար. Լավրով

11:54 • 09.08.13

Ահաբեկիչները Սիրիայում իրական վտանգ են ինչպես նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպումից հետո։

 

«Ահաբեկիչները կռվում են ոչ միայն կառավարական զորքերի, այլև այսպես կոչված՝ Սիրիայի ազատ բանակի դեմ։ Դա իրական սպառնալիք է այն մարդկանց համար, ովքեր աջակցում են Սիրիայի կառավարությանը, և նրանց, ովքեր ցանկանում են Սիրիան պահել որպես աշխարհիկ պետություն՝ տարբեր էթնիկ խմբերով, սակայն կարծում են, որ Ասադը պետք է հեռանա»,-ասել է նա։

 

Լավրովն ընդգծել է, որ որքան միջազգային հանրությունը ձգձգի Սիրիայի հարցով միջազգային համաժողովի անցկացումը, այդքան ավելի շատ ահաբեկիչները կփորձեն խանգարել հակամարտության կարգավորմանը։

Դրանով պայմանավորված՝ նախարարը դարձյալ ուշադրություն է հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք ամրագրվել են 2012թ.-ի Ժնևում ընդունված փաստաթղթում։

 

«Արդյունքի հնարավոր է հասնել միայն, եթե բոլորը նույն խաղը խաղան։ Ինչպես ես արդեն ասել եմ, մենք արել ենք աշխատանքի մեր մասը։ Ռեժիմը (Ասադի) պատրաստ է «Ժնև 2» համաժողովին՝ առանց նախապայմանների։ Հիմա հերթն ընդդիմությանն է»,-ասել է Լավրովը։

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ գործնական ընթրիքի ժամանակ կոչ է արել արագացնել Սիրիայի հարցով համաժողովի անցկացումը։