Ակտիվիստները երթով գնում են միանալու քաղաքապետարանի դիմաց նստացույց անողներին (տեսանյութ)

17:58 • 09.08.13

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցերը քիչ առաջ երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ արդեն շուրջ երկու շաբաթ նստացույց են հայտարարել մի խումբ երիտասարդներ:


Ճանապարհին նրանք իրենց միանալու կոչեր էին հնչեցնում և վանկարկում՝ «թև ու թիկունք» մեր ընկերներին:


«Կոչ ենք անում բոլորին միանալ, գնում ենք քաղաքապետարանի մոտ սատարելու մեր ընկերներին, ովքեր պահանջում են Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հրաժարականը, որոնք տեղ չունեն պետական համակարգում»,- բարձրախոսով հայտարարեց շարժման անդամներից մեկը:


Հիշեցնենք, որ քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդները պահանջում են աշխատանքից ազատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, ով հայհոյել էր լրագրողի, ինչպես նաև «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին, ով, ըստ ակտիվիստների, խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ է հրահրել, իր լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ դրսևորել:


Երիտասարդները նաև ճանապարհին վանկարկում էին՝ «Երեքից մեկը ես եմ»՝ ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարության, թե քաղաքապետարանի պաշտոնյաների հրաժարականը պահանջում են 3-4 հոգի: