Նարեկ Սարգսյանը Ճարտարապետության պետական կոմիտեի գործառույթների մասին (տեսանյութ)

16:57 • 09.08.13

ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում խուսափեց պատասխանել, թե նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ իրեն պետք է շնորհավորե՞լ, թե՞ ոչ, բայց դեմ չէ խոսել այն մասին, թե ինչ գործառույթ պետք է իրականացնի կոմիտեն։


Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը սխալ է համարում տեսակետը, թե կոմիտեն լինելու է քաղաքաշինության նախարարության կրկնօրինակը։


«Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչությունն առանձնանալու է և այդ վարչության բազայի վրա ինքը մասնագիտական շատ այլ խնդիրներ ևս համակարգելու է։ Այդ բոլոր հարցերի պատասխանը մի 15-20 օրից կլինի, որովհետև հիմա կանոնադրություն է մշակվում և կառուցվածքը»,- ասաց նա։


Նարեկ Սարգսյանը հիշեցրեց, որ կոմիտեն մինչև 1995թ-ը գործել է, որից հետո միայն միացել է քաղաքաշինության նախարարությանը։


«Այսինքն, քանի որ հիմա այդ առումով խնդիրներ կան՝ նպատակահարմար է գտնվել նորից առանձնացնել և այս ոլորտին առնչվող բոլոր խնդիրներն ավելի լուրջ հիմքերի վրա դնել, սա է հիմանական խնդիրը»,- ասաց նա։


Այնուհետև արդեն լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց, թե ժամանակը ցույց է տվել, որ միավորվելուց հետո տեղական ինքնակառավարման մարմինների օրենքներում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։


«Հանրապետության քաղաքների գլխավոր ճարտարապետների միայն 25%-ն ունի ճարտարապետի դիպլոմ։ Ես դեռ միայն խոսում եմ դիպլոմի մասին և ոչ թե կարողությունների մասին, դա արդեն ինքնին նշանակում է, որ դաշտն ընդհանրապես տարալուծվել է և նորմալ չի գործում»,- ասաց նա։


Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախկինում այդ բոլոր գլխավոր ճարտարապետները ենթարկվում էին հենց կոմիտեին։ «Նախկինում ենթարկվում էին նրանք, հին բառերով ասած, Ճանշինկոմին, շատ խնդիրներ կան, որոնք կառավարության մեջ տարբեր գերատեսչությունների մոտ տարբեր խնդիրներ կարող են առաջացնել։ Կոմիտեն կարող է լիարժեք ներկայացնել մասնագիտական կարողությունները, բացի այդ քաղաքները չունեն քաղաքաշինական կանոնադրություններ, այդ խնդիրը ևս պետք է լուծվի»,- նշեց նա։