Միլիարդատիրուհի Օփրա Ուինֆրիին պայուսակ չեն վաճառել՝ ասելով, որ դա «չափազանց թանկ է»
Ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին պատմել է, որ վերջերս ռասիզմի զոհ է դարձել, երբ Շվեյցարիայի խանութներից մեկում վաճառողը հրաժարվել է նրան ցույց տալ պայուսակը՝ ասելով, որ այն «չափազանց թանկ» կլինի նրա համար, գրում է Sky News-ը:
Հաղորդավարը, ով աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է, Ցյուրիխ էր մեկնել Թինա Թյորների հարսանիքին մասնակցելու նպատակով և որոշել էր միայնակ գնալ գնումների:
Ուինֆրին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ պատմել է, որ ինքը Շվեյցարիայում մտել է մի խանութ, որի անունը չի ցանկանում նշել, և խնդրել է իրեն ցույց տալ վերևի դարակում դրված պայուսակը: Վաճառողուհին նրան առաջարկել է այլ պայուսակներ, ասելով՝ որ նա չի կարողանա իրեն թույլ տալ գնել այդ պայուսակը, որովհետև այն չափազանց թանկ է:
Նա երեք անգամ իր ցանկությունը հայտնելուց և նույն պատասխանը ստանալուց հետո հանգիստ դուրս է եկել խանութից: «Ես չեմ ուզում ձեր զգացմունքները վիրավորել», - ասել է վաճառողուհին, իսկ Ուինֆրին պատասխանել է,- «Այո, Դուք հավանաբար ճիշտ եք, ես այն չեմ կարող ինձ թույլ տալ»:
Ուինֆրիի խոսքով՝ ռասիզմը նման տարբեր դրսևորումներով դեռ շարունակում է գոյություն ունենալ:










