Ամեն ինչ անում ենք, որ գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը ողջ վերադարձվի. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը հանդես կգան համատեղ հայտարարությամբ այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երեկ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական տարածքում հայտնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին վերադարձնելու ուղղությամբ:
Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հարցի, թե ունե՞ն տեղեկություն՝ զինվորը ո՞ղջ է, դրական պատասխան տվեց և ավելացրեց. «ակտիվ աշխատում ենք, որ զինվորն անպայման վերադարձվի»:
Նշենք, որ ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկացրել է, թե սահմանի այն կողմում հայտնված զինվորը բոլորին պատմել է «հայկական զինված ուժերում բոլոր խնդիրների մասին»:
ՊՆ խոսնակը սա համարեց սովորական ապատեղեկատվություն, որը հարիր է ադրբեջանական կայքերին:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ զինվորը տեսողության հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել (նկարներում նա ակնոցներով է ), ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, որ զինվորը բանակ չէր զորակոչվի, եթե նրա տեսողության հետ կապված խնդիրները որոշակի չափորոշիչներից բարձր լինեին:










