Ահաբեկչության համար մեղադրվող երաժիշտը դատի կտա Ֆրանսիայի իշխանություններին
Նորվեգացի երաժիշտ Վարգ Վիկերնսը մտադիր է դատի տալ ֆրանսիական իշխանություններին անհիմն ձերբակալության համար: Երաժիշտը դիմել է իր երկրպագուներին՝ խնդրելով նրանց գումար հավաքել դատական ծախսերի համար, գրում է ria.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
«Մենք ցանկանում ենք դատական գործ սկսել իշխանությունների դեմ այն բանի համար, որ մեզ (Վիկերնսին և նրա կնոջը) ձերբակալել են առանց պատճառի և ամենադաժան կերպով՝ երեխաների աչքի առաջ»,- ասել է երաժիշտը:
40-ամյա երաժիշտը և նրա 25-ամյա կինը՝ Մարի Կաշեն, Ֆրանսիայում ձերբակալվել էին հուլիսին, ահաբեկչական գործունեության կասկածանքով: Իշխանությունները մտավախություն ունեին, որ զույգը կարող էր ահաբեկչություն նախապատրաստել՝ 2011 թվականին Անդրեյ Բրեյվիկի կազմակերպած ահաբեկչությանը նման: Նրանց տանն իրականացված ստուգումների ընթացքում զենք էր հայտնաբերվել: Բացի այդ, Վիկերնսը, ով նեոնացիստական հայացքների տեր է, համացանցում հակասեմիթական հաղորդագրություններ է հրապարակել:
Քննիչներին, այնուամենայնիվ, չի հաջողվել ապացուցել, որ նրանք ահաբեկչություն էին նախապատրաստում, և ստիպված են եղել նրանց բաց թողնել:










