Բաքվի կորուստներն ավելի զգալի կլինեն. Ուկրաինացի քաղաքագետը՝ Ադրբեջանի «սև ցուցակի» մասին
Ուկրաինացի հայտնի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ուկրաինայի 8 քաղաքացիներին անցանկալի անձ հայտարարելու որոշումը, հայտարարել է, որ բավարար կլիներ սահմանափակվել կարճ նոտայով՝ տարակուսանք հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ. տեղեկացնում է analitika.at.ua կայքը։
«Սև ցուցակ» ստեղծելու առաջնությունն Ադրբեջանինը չէ. այդ կերպ արաբական որոշ պետություններ, որոնք չեն ճանաչում Իսրայելը, նման ցուցակներում ընդգրկում են այդ երկիր այցելած մարդկանց։ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը երկիր չի թողնում Աբխազիա կամ Հյուսիսային Օսիա այցելած անձանց»,- ասել է նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ հիմնական դեպքերում նման սահմանափակումները վնաս են տալիս հենց դրանք սահմանած պետություններին և առաջին հերթին վնասվում է նրանց միջազգային հեղինակությունը։
«Միջազգային հանրությունը լավ չի վերաբերվում նման քայլերին։ Սահմանափակող պետության վարկանիշը ավելի է վատանում, եթե այնտեղ ներառվում են հայտնի անձնավորություններ։ Ադրբեջանի դեպքում առ այսօր ցուցակում ներառված են նաև քաղաքական գործիչներ և արվեստագետներ։ Կարելի է սպասել, որ ժամանակի ընթացքում նման մարդկանց թիվը կարող է աճել։ Բացի այդ՝ պետությունն իր դեմ է տրամադրում առաջին հերթին լրագրողական հանրությանը, քանի որ դա առնչվում է նրանց մասնագիտական գործունեությանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունն անցյալ շաբաթ հրապարակել է Լեռնային Ղարաբաղ այցելած մարդկանց ցուցակը, որոնք անցանկալի անձ են հայտարարվել Ադրբեջանում։
335 մարդուց բաղկացած ցուցակում կան նաև ուկրաինացիներ՝ լրագրողներ Աննա Մամոնովան, Վարվարա Ժլուտենկոն, Նադեժդա Բազևան, Վլադիմիր Կրավչենկոն, Իրինա Կովալչուկը, Օլեգ Կուլիկը, Ալեքսանդր Վոլոշչուկը։
Ցուցակում մեծամասամբ Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ ռուս պատգամավորներ Ալեքսեյ Միտրոֆանովը, Օլեգ Պոխոլկովը, Մաքսիմ Միշենկոն, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանդին Զատուլինը։
Ցուցակում ներառված են նաև Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլանը, Ժորժ Կոլոմբյեն, Վալերի Բուայեն, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, իտալացի երգիչ Ալ Բանոն, Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը և այլ հայտնի անձիք։










