ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 3,1%-ով

10:14 • 10.08.13

2013թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների 593 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 575-ի դիմաց, այսինքն` դեպքերն աճել են 18-ով կամ 3,1%-ով: Հաշվետու կիսամյակում գրանցվել է իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության 312 դեպք` նախորդ տարվա առաջին կիսամյակի 271-ի դիմաց (իրացման դեպքերն աճել են 41-ով կամ 15,1%-ով): Առգրավվել է 12 կգ 470 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց (2012թ. 1-ին կիսամյակում 5 կգ 586 գրամ), այդ թվում` 5,5 կգ մարիխուանա, 1,2 կգ հաշիշ, 5,5 կգ ափիոն և այլն: Քրեական պատասխանատվության ենթարկված 272 անձանցից 59-ը դատապարտվել են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:


Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի անմիջական նախաձեռնությամբ բացահայտվել և առգրավվել են տարբեր խմբաքանակներով թմրամիջոցներ, հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով դատապարտվել են 42 անձինք:


Այս ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտումը որոշակի բարդություն է ներկայացնում` առավել ևս այն դեպքերում, երբ թմրամիջոցը անմիջականորեն չի հայտնաբերվում անձի մոտ: Բազմաթիվ բարդություններից մեկն էլ վերջին ժամանակներս տարածում ստացած` ծանրոցում թաքցնելու եղանակով արտերկրից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոց առաքելու դեպքերն են: Բացահայտվելու ժամանակ ծանրոց ստացողները հիմնականում ժխտում են ծանրոցում թմրամիջոցի առկայության վերաբերյալ իրենց տեղյակ լինելու հանգամանքը, նույնիսկ փորձում են պատճառաբանել, որ չեն ճանաչում իրենց անունով ծանրոց ուղարկած անձին, շեշտում են, որ այդ ամենն արված է հատուկ իրենց բռնել տալու նպատակով և այլն:


Նման փակուղային իրավիճակներից խուսափելու համար ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկել է մաքսային մարմիններին արտերկրից ստացված ծանրոցների ժամանակ օրենքի շրջանակներում նախատեսել որոշակի լրացուցիչ գործոններ` հաշվի առնելով նաև այդ հանցատեսակի անդրազգային և հետզհետե ավելի մեծ ծավալներ ու անձանց շրջանակ ընդգրկելու բնույթը: