Բրիտանացին ամեն առավոտ արթնանում է՝ հիշողությունն ամբողջովին կորցրած
Բրիտանացի Ռիքի Դինը տառապում է հիշողության կորուստից, ինչի հետևանքով յուրաքանչյուր օր արթանում է` առանց իմանալու՝ ո՞վ է ինքը, ո՞վքեր են իրեն շրջապատում, ո՞րտեղ է ինքն ապրում ու այդ օրվա համար ինչ ծրագրեր ունի կազմած։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նման հիվանդության պատճառն այն է, որ 19-ամյա երիտասարդի ուղեղը լույս աշխարհ գալուց հետո թթվածնի սուր պակաս է ունեցել։ Արդյունքում իր կյանքը հնարավորինս կանոնակարգելու նպատակով յուրաքանչյուր օրվա վերջին նա իր սմարթֆոնի մեջ գրում է հաջորդ օրվա անելիքները, այն մարդկանց անունները, ում հետ պետք է հանդիպի։ Այլ կերպ ասած՝ սմարթֆոնը Ռիքիի համար փոխարինում է հիշողությունը։
«Ես անգամ չեմ կարող հիշել, թե նախորդ օրն ինչ եմ արել, ում հետ եմ հանդիպել, ինչ եմ կերել և այլ։ Սա նման է մութ թունելում ընդամենը մի վառած մոմով ապրելուն։ Սակայն մի կողմից էլ լավ է, որ ես չեմ հիշում այն բոլոր վատ բաները, որոնք իմ կյանքում տեղի են ունենում»,- պատմել է բիտանացին։
Բժիշկները նշել են, որ հիշողության կորուստի նման սրված տարբերակը հազվագյուտ երևույթ է, և դրա բուժման արդյունավետ մեթոդը դեռևս մշակված չէ։










