Կենտրոնի դատարանը կալանավորեց որակազրկված և Ռուբեն Հայրապետյանին զայրացրած մրցավարներին
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դռնփակ դատական նիստում, դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանքի կիրառման որոշում կայացրեց Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Արսենյանի և Արտաշատ քաղաքի բնակիչ Հովհաննես Ավագյանի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Կալանավորվածները Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի վերջին նիստում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան խիստ գնահատականներին արժանացած մրցավարներն էին:
Հիշեցնենք, որ նիստն անդրադարձել էր ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երևան) և Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության և խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի










