Սաուդյան թագավորը 100 մլն դոլար է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարի համար

15:10 • 12.08.13

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բին Աբդուլ Ազիզը խոշոր գումար է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարի համար։ Մոտ 100 մլն դոլար գումարը կտրամադրվի ՄԱԿ-ի հովանու ներքո Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կենտրոնի բացմանը, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Saudi Gazette-ին։

 

Իր խոսքում թագավորը նշել է, որ ահաբեկչությունն արաբների համար ավելի մեծ վտանգ է, քան թշնամի պետությունները։

 

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել միապետից շռայլ նվիրատվության համար։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

 

Ավելի վաղ թագավորի որոշումը ողջունել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ «Այս շռայլ նվիրատվությունը վկայում է Սաուդյան Արաբիայի աջակցության մասին միջազգային այն ինստիտուտներին, որոնց խնդիրն ահաբեկչությանը համատեղ դիմակայելն է»,- ասել է Քերին։