ՊՆ-ն հաստատել չի կարող ադրբեջանական կողմի 5 զոհի մասին լուրը. Արծրուն Հովհաննիսյան

14:21 • 12.08.13

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող հաստատել Aysor.am կայքի հրապարակած այն լուրը, թե հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել։

«Անկեղծ ասած՝ նման տեղեկություն ես պաշտոնապես հրապարակելու հնարավորություն և իրավունք չունեմ, բայց կարող եմ ասել հետևյալը՝ հակառակորդի ոչ մի գործողություն, ինչպես և նշել ենք, անպատասխան չի մնալու և ցանկացած սադրանք կստանա և ստանում է համապատասխան պատիժ»,- Tert.am-ին ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ առաջին գծում, նախորդ շաբաթվա համեմատ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են: «Դեռ կան, բայց նման ինտենսիվությամբ չկա»,- ասաց նա։


Նշենք, որ օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով հայկական կողմից 4 զինծառայող է վիրավորվել: Ադրբեջանական կողմն իր հերթին հայտնել է կորուստների և վիրավորների մասին, սակայն կոնկրետ թվեր չի հրապարակել: