«Դիլիջան» ազգային պարկում նախատեսվում է հանգստյան տուն կառուցել. բնապահպանները սպասում են նախագծին
«Դիլիջան» ազգային պարկում նախատեսվում է հանգստյան տուն կառուցել: Ինչպես նշված է Բնապահպանության նախարարության կայքում, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել է «Դիլիջան» ազգային պարկի Դիլիջան տեղամասի 19 քառակուսու 4-րդ անտառամասում հանգստյան համալիրի նախագծի բնապահպանական մասը, մինչդեռ նախագիծը կայքում տեղադրված չէ, միայն նշված է, որ նախագծին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում:
Tert.am-ի հետ զրույցում բնապահպան Լևոն Գալստյանը պարզաբանեց, թե որ դեպքում է թույլատրվում ազգային պարկում հանգստյան տան կառուցումը։
«Ազգային պարկում կան գոտիներ, որտեղ թույլատրվում է կազմակերպել հանգստյան գոտիներ և որոշակի տնտեսական գործունեություն կատարել։ Ունի նաև այնպիսի գոտիներ, որտեղ ընդհանարապես չի թույլատրվում կամ թույլատրվում է շատ քիչ գործողություններ, որոնք շրջակա միջավայրին վտանգ չեն ներկայացնում»,– ասաց նա։
Լևոն Գալստյանը նշեց, որ հենց դրա համար պետք է նայեն, թե կոնկրետ տվյալ հանգստյան գոտին որ տարածքում է և ինչքանով է նախագիծը իր բնապահպանական մասով և մյուս կետերով համապատասխանում օրենսդրությանը։
Բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հանգստյան տան հարցով այս պահին կարծիք հայտնել չի կարող, քանի որ հայտարարությունը դրված է նախարարության կայքում, սակայն նախագիծը՝ ոչ։
«Հնարավոր է՝ իրենք հանգստյան տունը պատկերացնում են բաց տարածքում, առանց շինարարության, գուցե այնտեղ ոչինչ չի կառուցվելու, դրա համար եմ ասում, մենք չենք կարող ասել։ Բայց շատ զարմանալի է, որ հենց նախագիծը Բնապահպանության նախարարությանն է, բայց նախագիծը կայքում դրված չէ»,- ասաց նա։
Լևոն Գալստյանը նշեց, որ ըստ օրենքի՝ պետք է ներկայացնեն նախագիծը և հայտարարվեն հասարակական լսումներ։
«Հասարակական լսումների ստույգ ժամկետ կա, որի ժամանակ պետք է ծանոթանաս արդեն ներկայացված նախագծին, դրա համար մենք սպասում ենք այդ ժամկետին, որից հետո կարող են կարիք հայտնել»,- ասաց նա։
Լուսանկարը՝ traveloarmenia.com-ի










