Եգիպտոսի ոստիկանությունը պատրաստվում է ցրել Մուրսիի կողմնակիցներին

14:54 • 12.08.13

Եգիպտոսի անվտանգության ուժերը երկուշաբթի օրը Կահիրեում կփորձեն ցրել իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների հիմնական ճամբարները, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը:

 

Հեռուստաընկերության տվյալներով` ճամբարների ապամոնտաժման առաջին քայլը լինելու է դրանց շրջափակումը. զինվորականները և ոստիկանությունը թույլ են տալու ներսում գտնվող մարդկանց հանգիստ դուրս գալ, հետ վերադառնալու, ջուր և մթերք փոխանցելու փորձերը կանխվելու են:

 

The New York Times-ը, հղում անելով Եգիպտոսի արտգործնախարարության իր աղբյուրներին, վստահեցնում է, որ հետագայում ճամբարներում գտնվողների դեմ կարող է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառվել։

 

«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները, ովքեր աջակցում են Մուհամեդ Մուրսիին, արդեն հայտարարել են, որ բողոքի օջախները շրջափակելու ցանկացած փորձ կդիտվի որպես քրեական հանցագործություն:

 

Կահիրեում ցույցերի մասնակիցներն ուժեղացնում են ճամբարների պաշտպանությունը՝ կառուցելով բարիկադներ և գնելով մեծ քանակությամբ ջուր, հակագազ, պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ: