Հրվ. Կորեան պետական հիմնարկներից պահանջել է անջատել օդորակիչներն ու վերելակի փոխարեն ոտքով վերուվար անել

15:45 • 12.08.13

Հարավային Կորեան պետական հիմնարկներից պահանջել է անջատել օդորակիչները, քանի որ երկրի երկու էլեկտրակայանները երկուշաբթի օրը դադարեցրել են աշխատանքը, հաղորդում է France-Presse-ը: Մեկ օր առաջ երկրի էներգետիկայի նախարարը զգուշացրել էր սպառնացող ազգային էներգետիկ ճգնաժամի մասին:

 

500.000 կիլովատ հզորությամբ էլեկտրակայանը մեխանիկական խնդիրների պատճառով դադարել է աշխատել և հավանաբար չի վերականգնվի մեկ շաբաթ: Տեխնիկական խնդիրների պատճառով կանգնել էր նաև Սոչհոնի էլեկտրակայանը, որը չնայած մեկ ժամ հետո նորից վերականգնվել էր, այնուամենայնիվ, շարունակում է աշխատել իր հնարավորությունների կեսի չափով:

 

Էներգետիկայի նախարարը կոչ է արել գործարաններին, ընտանիքներին, խանութներին կրճատել էներգիայի սպառումն առաջիկա երեք օրերի ընթացքում:

 

 Նա նաև կարգադրել է պետական հիմնարկների աշխատակիցներին օգտվել աստիճաններից՝ վերելակների փոխարեն:

 

Հարավային Կորեայում վերջին օրերին գրանցվել է նորմայից բարձր ջերմաստիճան, որն ըստ կանխատեսումների՝ կպահպանվի մեկ շաբաթ: