Լիբանանում թուրք օդաչուների առևանգման գործով ձերբակալված կա

12:24 • 12.08.13

Լիբանանում ձերբակալվել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերության երկու օդաչուներին առևանգելու համար կասկածվող անձանցից մեկը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթը», նա Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներից մեկի՝ Ջեմիլ Սալիհի կնոջ եղբայրն է։

 

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուրբաթ օրն առևանգված երկու օդաչուների՝ Մուրաթ Աքփընարի և Մուրաթ Աղչայի առևանգման վերաբերյալ նոր տեղեկություններ են ի հայտ եկել։

 

Լիբանանում «Հըզբոլլահ» շարժմանը հարող «Ալ-Նահար» հեռուստաընկերությունը պնդել է, որ առևանգումը պլանավորվել է մեկ շաբաթ առաջ։ Այդ ընթացքում «Թուրքական ավիաուղիների» անձնակազմի՝ օդանավակայանից դուրս գալու ժամերը, ելքերն ու մուտքերն ուսումնասիրվել են։

 

Հիշեցնենք, որ «Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի երկու օդաչուներն առևանգվել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։


Նրանց ազատ արձակման դիմաց առևանգողները պահանջում են ազատ արձակել Սիրիայում գերի պահվող 9 լիբանանցիներին։