Բողոքի ցույց կառավարության դիմաց ընդդեմ բուհերի ուսման վճարների բարձրացման (տեսանյութեր, լուսանկարներ, տարբերակ 2)

11:25 • 12.08.13

Պետական բուհերում ուսման վարձի բարձրացման դեմ բողոքի ցույց անող ուսանողները այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց պահանջում էին չեղյալ համարել վարձերը մոտ 40 տոկոսով բարձրացնելու որոշումը:


Ըստ որում, կառավարության շենքի դիմաց հավաքվել են ոչ միայն առաջին, այլև բարձր կուրսի ուսանողներ, որոնց վրա որոշումը չի տարածվում:


Tert.am–ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ իրենք ևս հավաքվել են կառավարության շենքի դիմաց, ուսանողուհի Տաթև Մայիլյանն ասաց, որ պայքարում են իրենցից տարիքով ավելի փոքր՝ առաջին կուրսեցիների քաղաքացիական իրավունքների ու նրանց ինքնագիտակցության բարձրացման համար:


Այսուհանդերձ, հավաքվածների թվում քիչ չեն նաև առաջին կուրսեցիները: Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ ընդունված Անդրանիկ Շահինյանն օրինակ՝ ասաց, որ թեև իր ընտանիքը ի վիճակի է վճարել նախկինում տարեկան 700 հազար դրամից 800 հազար դարձած ուսման վարձը, սակայն բողոքի ակցիային մասնակցում է սկզբունքորեն:


«Դա միայն իմ ընտանիքի հարցը չէ և դա չի նշանակում, որ ղուրս չեմ գալու փողոց, քանի որ հիմնական մասը ի վիճակի չէ վճարել»,- Tert.am հետ զրույցում ասաց առաջին կուրսի ուսանողը՝ ավելացնելով, որ հետաքրքրվել է և պարզել, որ ուսումը, որն ստանում են ԵՊՀ–ում, որակի և գնի անհամապատասխանություն ունի:


Ուսանողները կառավարության շենքի դիմաց հավաքվել են «Վերացրե՛ք անմիտ ու անօրինական որոշումը», «Մի՛ հարստացեք կրթության հաշվին», «Բիզնես- ուսումնական հիմնարկ» գրությամբ ցուցապաստառներով:


Նրանցից շատերը վստահաբար պնդում են, որ ուսման վարձերի բարձրացման որոշմամբ բուհերում մատուցվող կրթության որակը չի բարելավվելու:

 


11.42


Երիտասարդները իրենց պահանջները ձևակերպել են գրավոր և «վար-չա-պետ» վանկարկումներով պահանջում են, որ նա իջնի ու լսի իրենց:


Փոխարենը, ներքև իջավ կառավարության դիմումների և նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով խոստացավ նամակը փոխանցել կառավարության ղեկավարին:


Ուսանողները նրան հարցրեցին, թե ինչու վարչապետը հանդիպում է «Միասին» ուսանողական շարժման ճամբարականներին ու ժամանակ չի գտնում իրենց հետ հանդիպելու ու անգամ խոստացան կիթառ բերել: Ալեքսանդր Ղազարյանն ի պատասխան առաջարկեց կոռեկտ արտահայտվել:


Հիշեցնենք, որ օրերս Գեղարքունիքի մարզում հանգստացող ուսանողներին այցելած Տիգրան Սարգսյանն անսպասելիորեն վերցրել էր կիթառը և կատարել «Բարով եկար, սիրու՛ն կռունկ» երգը:


Ուսանողները հայտարարում էին նաև, որ Հայաստանում ոտնահարված է անվճար կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, քանի որ նրանց պնդումների համաձայն՝ օրինակ՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում
անվճար տեղեր որպես այդպիսին չկան: