Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին

15:36 • 12.08.13

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 10-ին հյուրընկալվել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:


Իր ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են երկրի ապագային և երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը:


«Ինձ համար միշտ մեծ պատիվ է եղել և այսօր էլ մեծ պատիվ է երիտասարդների հետ հանդիպելը: Այսպիսի միջոցառումները առաջին հերթին հնարավորություն են տալիս, որ ամառային այս ժամանակահատվածում մենք օգտվենք Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից, բնությունից, մաքուր ջրից և կարողանանք անցկացնել լիարժեք և առողջ հանգիստ»,– ասել է նա:


Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենասիրական դաստիարակությանը, ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանն ու բանակաշինությանը, ներկայացրել ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու առկա մարտահրավերները:


Սեյրան Օհանյանը շրջայց կատարելով յուրօրինակ գեղեցիկ զինվորական ձևավորում և ունեցող ճամբարում, ծանոթացել երիտասարդների առօրյային: