Բողոքի ակցիա. Սիսակյան 3 հասցեի բնակիչները պահանջում են վերաբնակեցնել իրենց. (լուսանկարներ ,տեսանյութ)

15:20 • 12.08.13

Երևանի Սիսակյան 3 հասցեում գտնվող նախկին մետաքսի գործարանի հանրակացարանի բնակիչները բողոքի ցույց անցկացրեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց վերաբնակեցնել, քանի որ շենքը, որում իրենք են ապրում, վթարային է՝ փլուզման եզրին։


Ցուցարարների ձեռքին կային «Կատարեք ձեր որոշումները, մի խաբեք մեզ», «Սիսակյան 3-ը՝ մահվան սպառնալիքի տակ» բովանդակությամբ պաստառներ։


«Քաղաքապետարանից մեզ խաբում են, չէ չեն ասում, հա-ից էչ խեր չենք տեսնում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանը:


Մինչ բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում քաղաքապետարանի դիմաց, նրանց մոտեցավ քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման (ԱԳԿ) վարչության պետ Արսեն Ամյանը և ասաց. «Ի՞նչ ա եղել ժողովուրդ, նոր մենք չհանդիպեցի՞նք վերևում ու որոշեցինք, ձեր ներկայացուցիչների համարներն էլ տվեցիք, ասեցիք շնորհակալություն ու գնացիք: Մենք էլ ասացինք, որ բավարար պատասխան եք ստացել, բայց դուք էլ ասացիք, պատասխանը բավարար է ու գնացիք»:


Tert.am-ի հարցին, թե ինչ պատասխան է տրվել բնակիչներին քաղաքապետարանի ներսում, Արսեն Ամյանն առանց պատասխանելու հեռացավ: Իսկ բնակիչներն ասացին, որ իրենց ոչ մի պատասխան էլ չեն տվել: Իրենք հանդիպել են քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի հետ, սակայն նորմալ, կոնկրետ ժամանակով գրավոր պատասխան չեն ստացել:


Ներկայացնելով վթարային շենքի պայմանները՝ Սուսաննա Հարությունյանն ասաց. «Դա տուն չի կոչվում, խնդրում եմ մի շփոթեք տան հետ, մենք այնտեղ գիշերում ենք, դա թուք ու մուր է մեր քաղաքի վրա, մեզ մարդ չեն համարում, արդեն 10 տարի է լսում ենք այդ խոստումները, 2000թ.-ից պահանջում ենք, որ մեզ վերաբնակեցնեն, խոզի տեղ են դնում մեզ, միշտ ասում են բյուջե չունենք, բա ե՞րբ են ունենալու»:


Նա նաև բողոքեց, որ իր երկու երեխաներն արդեն մեծացել են, շուտով նրանց ամուսնացնելու ժամանակն է, բայց կենցաղային պայմանները թույլ չեն տալիս այդ հարցով զբաղվել. «Ո՞վ կգա իմ տուն հարս, ո՞վ տեսնի էդ պայմանները, որ գա»:


Բնակիչներից երկու երեխաների մայր Ամալյա Սարդարյանը, ով այնտեղ բնակություն է հաստատել Գետաշենից տեղափոխվելուց հետո, մեզ հետ զրույցում ասաց. «Թուրքի սնարյադից փախել ենք, հայի քարերից չենք կարող փախնել, 56 քառ. մետր տարածք ունեմ, բայց այնտեղ հնարավոր չէ ապրել»: