Աշխարհը դեռ հանգիստ է վերաբերվում Իլհամ Ալիևի 3-րդ անգամ առաջադրվելուն. Թևան Պողոսյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի 3-րդ անգամ անընդմեջ առաջադրվելու փաստին, ասաց, որ աշխարհը դեռ հանգիստ է վերաբերվում այդ փաստին։
«Աշխարհը դեռ հանգիստ է վերաբերվում Իլհամ Ալիևի Ադրբեջանի նախագահի պաշտոնում 3-րդ անգամ առաջադրվելուն, եթե հաշվի առնենք, որ նմանատիպ փորձ կա Բելառուսում և Ղազախստանում»,- ասաց քաղաքագետը։
«Հինգ տարի առաջ Ադրբեջանում Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց և օրենք ընդունվեց, որը թույլատրում է Ալիևին ընտրվել այնքան անգամ, որքան որ կցանկանա»,– ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ: Առաջադրված 6 թեկնածուներից մեկն էլ գործող նախագահ Իլհամ Ալիևն է։
Ըստ Թևան Պողոսյանի, հետաքրքիրն այս պահին ոչ թե առաջադրված թեկնածուների քանակն ու ով լինելն է, այլ այն, թե ինչ դիսկուրս է լինելու և ինչ տիպի խոստումներ են հնչելու: Հակահայկական հիստերիայի նոր ալիք է բարձրանալու և դրանում գոնե քաղաքագետը կասկած չունի:
«Կլսենք շատ ցնդաբանություններ թեկնածուների մեծ մասի կողմից: Սա նրանց համար դիվիդենտներ շահելու տարբերակներից մեկն է լինելու: Աշխարհի աչքին դեմոկրատ երևալու նպատակով Ալիևը, հավանաբար, կթույլատրի նաև ընդդիմության որոշ գործողություններ: Կապահովի որոշակի շոու այդ նպատակով»,- իր տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։
«Միակ թեկնածուն, ով առայժմ, դրական դիրքորոշում ունի հայերի նկատմամբ, դա ընդդիմության միասնական թեկնածու, մասնագիտությամբ ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովն է, ով հայտարարել է, որ դեմ է զենք թափահարելուն և հայերին ոչնչացնելու մտքին, և որ պետք է լեզու գտնել հայերի հետ»– նշեց նա:
Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Ադրբեջանի նախագահ չընտրվի Իլհամ Ալիևը, Թևան Պողոսյանն ասաց, որ ինքը քիչ հավանական է համարում սցենարի փոփոխությունն այս ընտրություններում:
«Ես միայն կողջունեի ժողովրդավար Ադրբեջանին: Այստեղ հետաքրքիրն այլ է, թե ինչպես աշխարհը կվերաբերվի դեմոկրատական Ադրբեջանին կամ դեմոկրատական Ադրբեջանն ինչ քայլեր կձեռնարկի Ղարաբաղի հարցի կարգավորման համար: Դեմոկրատական Ադրբեջանը ամենաանհավանական սցենարներից է»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով Ալիևի վերընտրվելու դեպքում ոչ մի նոր բան չի ավելանալու եղածի վրա: «Մենք նրան գիտենք: Ալիևը կանխատեսելի է, ոչ միայն մեր, այլև աշխարհի համար: Մենք գիտենք նրա դիրքորոշումը: Ղարաբաղի հարցում էլ պահելու ունեցած դիրքորոշումը»,– ընդգծեց նա:
Ըստ պատգամավորի՝ եթե հանկարծ ընտրվի մեկ այլ թեկնածու առաջադրվածներից, ապա տարբեր երկրներ փորձելու են նախ ապահովագրել իրենց շահերն ու պայմանավորվածությունները, որ ունեցել են նախկինի օրոք:
«Ինչ վերաբերում Հայաստանին և Ղարաբաղին, ապա թեկուզ նախագահի փոփոխության դեպքում մենք պիտի գիտակցենք, որ լուծումը միայն Ադրբեջանով կամ Հայաստանով պայմանավորված չէ: Ավելի վատին սպասելու կարիք չկա»,– ասաց Թևան Պողոսյանը:
«Ինչ վերաբերում է մեր դեմ ռազմական գործողություններ սկսելուն, ապա սա մի սցենար է, որ երբեք պետք չէ բացառել: Սակայն չեմ կարծում, թե Ադրբեջանում որեւէ մեկը խելքն այնքան կորցրած լինի, որ պատերազմ սկսի Հայաստանի դեմ»,– ավելացրեց պատգամավորը:










