ԱՄՆ-ում առաջարկում են մոտ 2000 դոլարի դիմաց մահացածին ուղարկել տիեզերք
Իրենց հարազատներին հետաքրքիր ձևով հրաժեշտ տալ ցանկացողներին Elysium Space ընկերությունը առաջարկում է հանգուցյալի վերջին ճանապարհորդությունը կազմակերպել աստղազարդ համաստեղությունների միջով, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Raw Story-ին:
Նման արարողություն կազմակերպելու համար պատվիրատուն պետք է հայտ լրացնի համացանցով, փոստով ստանա հատուկ սափոր, որի մեջ պետք է լցնի մահացածի մասունքները, և ետ ուղարկի փոստով:
Ծառայության արժեքը կազմում է 1.990 դոլար: Ցածր գինը նախատեսվում է փոխհատուցել պատվերների քանակով: Աղբյուրը համեմատության համար նշում է, որ 1 արբանյակ տիեզերք արձակելու համար ծախսվում է մի քանի հարյուր հազար դոլար:
Մահացածի ճանապարհորդությանը հնարավոր կլինի հետևել սմարթֆոնի էկրանի միջոցով: Հատուկ հավելվածը արդեն հասանելի է Android համակարգով աշխատող հեռախոսների համար: Հավելվածի ստեղծողները խոստանում են շուտով այն հասանելի կլինի նաև iOS-ի համար:










