«ВКонтакте» կայքը կրկին աշխատանքի է հրավիրել Սնոուդենին
«ВКонтакте» սոցիալական կայքը լրջորեն հետաքրքրված է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենով, գրում է Комсомольская правда-ն:
Ինչպես հաղորդել է սոցցանցի մամուլի ծառայության ղեկավար Գեորգի Լոբուշկինը, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը կարող է միանալ իրենց թիմին՝ որպես օգտատերերի նամակագրության պաշտպանության մասնագետ: Այս գործունեությունը, նրա խոսքով, նման կլինի իր նախկին գործունեությանը:
Սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ չէ, որ հրավիրում է փախուստի մեջ գտնվող ամերիկացի լրտեսին իրենց թիմ: «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտին լքելուց հետո Դուրովը հրավիրել է նրան Սանկտ Պետերբուրգ և հայտնել, որ ուրախ կլինի, եթե Սնոուդենը որոշի համալրել իր ծրագրավորողների թիմը:
Թե ինչով է զբաղվելու Սնոուդենը Ռուսաստանում, դեռ պարզ չէ: Հայտնի է, որ ամերիկացին փողի կարիք ունի: Փաստաբանի խոսքով՝ Սնոուդենը հարուստ մարդ չէ և ծախսել է իր ողջ գումարն ուտելիքի վրա՝ «Շերեմետևոյում» եղած ժամանակ:










