Նազարբեկյան փողոցի 48 շենքի բնակարանից զրկված ընտանիքը քնում է տանիքում՝ բաց երկնքի տակ
Մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցի 48 շենքի բնակարանից զրկված մեկ ընտանիք այժմ բնակվում է նույն շենքի տանիքում՝ բաց երկնքի տակ, մեկ այլ բնակիչ՝ շքամուտքում, իսկ երրորդ ընտանիքը մի քանի օրից պետք է ազատի զբաղեցրած բնակարանը և անչափահաս երեխաների հետ հայտնվի փողոցում:
Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի կայքը:
ՄԻՊ գրասենյակին դիմած Նազարբեկյան փողոցի 48 շենքի երեք բնակչուհիները հայտնել են, որ երկար տարիներ իրենց ընտանիքները բնակվում են այդ շենքում, սակայն դատարանի վճռի հիման վրա վերջերս վտարվել են զբաղեցրած բնակարաններից և հայտնվել անօթևանի կարգավիճակում:
Կանայք հայտնել են նաև, որ շենքի՝ նույն կարգավիճակում գտնվող 16 ընտանիքներից 7-ը բնակարանների վերաբաշխման արդյունքում կրկին ապահովվել են բնակարանով, իսկ մյուս 9-ը ընտանիքներին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից մերժել են` պատճառաբանելով, որ նշված շենքում ազատ բնակարաններ չկան: Մինչդեռ դիմումատուների պնդմամբ՝ թիվ 48 շենքում առկա են ազատ, չբաշխված բնակարաններ:
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանն արդեն իսկ գրություններ է ուղարկվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն:










