«Բիձո՛, արթնանալու ժամանակն է». վրացի ակտիվիստները Թբիլիսիում վարչապետի դեմ ակցիա են կազմակերպել
Թբիլիսիում երեկ երեկոյան ակցիա է տեղի ունեցել, որը կրել է «Բիձո՛, արթնանալու ժամանակն է» խորագիրը, տեղեկացնում է Грузия online-ը։
Ակցիայի մասնակիցներից Դիանա Թորոսյանը նշել է, որ նպատակը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հասկացնելն է, թե ինչ են խորհրդանշում կրծքին փակցված կարմիր կակաչները։
«Այն ժամանակ, երբ երկրի տարածքի 20%-ն օկուպացված է, ժամանակ չկա քնելու համար։ Վարչապետը պետք է արթնանա և հետևի երկրին»,-ասել է նա։
Ակցիայի մասնակիցները ներկայացում են բեմադրել՝ պատկերելով վարչապետի քունը։ Նրանք վարչական շենքի մոտ մահճակալ են դրել, որի վրա պառկել է ակցիայի մասնակիցներից մեկը, և մնացած մասնակիցները գազար են մաքրել և տվել պառկողին։
Ակցիայի բոլոր մասնակիցների կրծքին կարմիր կակաչ է փակցված եղել։ Նրանց խոսքերով՝ այդ կակաչները խորհրդանշում են թախիծ, և ամոթ է, երբ վարչապետը հարցնում է, թե ինչ է դա։
«Թող վարչապետը գա, և մենք մանրամասն կբացատրենք, թե ինչ են նշանակում այդ կակաչները։ Դա խորհրդանիշն է այն բանի, որ մեր հերոսները զոհվել են ռուս-վրացական պատերազմի ընթացքում»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ Բաթումի ժամանած ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա գտնվելու ընթացքում վարչապետը զարմացել էր՝ տեսնելով Վրաստանի նախագահի կոստյումին փակցված կարմիր կակաչը և հարցրել, թե ինչ է դա նշանակում։
«Այդ ի՞նչ է կրծքիդ, որտեղի՞ց ես գտել։ Ի՞նչ է դա նշանակում»,-հարցրել է Բիձինա Իվանիշվիլին։
«Կօգնեմ, որ դու էլ գտնես։ Սա մեր զոհված զինվորների հիշատակն է»,-պատասխանել էր նախագահը։










