Պուտինի այցը Բաքու տագնապալի է, բայց ոչ սարսափելի. քաղաքագետներ

14:25 • 13.08.13

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, եթե դիտարկվի որպես երկու պետությունների խնդիրների քննարկման համատեքստում, ապա նորմալ է, իսկ տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի դիտանկյունից, ըստ նրա, տագնապելու խնդիր կա, թեև պետք չէ սարսափել։


«Այցի հետ կապված տագնապը ոչ միայն Հայաստանում և Ղարաբաղում է, այլ նաև Թուրքմենստանում և Իրանում, որովհետև նրանք էլ Ադրբեջանի հետ խնդիրներ ունեն։ Սա տարածարջանային խնդիր է»,- ասաց նա։


«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, թերևս պաշտոնական, բայց գիտենք, որ պատմականորեն հենց Ռուսաստանն է մեր հայրենիքը բաժանել տվել թուրքին ու վրացուն, պատմությունը չպետք է մոռանալ»,-ասաց նա։


Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն այսօր կառավարական մեծ պատվիրակությամբ, ինչպես նաև հածանավերի ուղեկցությամբ ժամանում է Ադրբեջան, ինչը տարածաշրջան նրա առաջին այցն է նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։


Քաղաքագետ Աղասի Ենոքյանը համակարծիք է, որ հարցը պետք է քննարկել ռուս-ադրբեջանական երկրների խնդիրների համատեքստում, որոնք, ըստ նրա, քիչ չեն։


«Կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը, սկսելով Եվրոպայի հետ մերձեցման գործընթաց, չի գնում հիմա Ասոցացման գործընթացին, և փորձում է քաղել օգուտներ»,– ասաց նա։


«Ադրբեջանում ճիշտ են գնահատում, որ Մաքսային միություն կոչվածը Պուտինի համար գերագնահատվում է և դրանից փորձում են առավելագույն օգուտներ ստանալ և նույնիսկ Ղարաբաղի հարցում»,- ավելացրեց նա։


Աղասի Ենոքյանը կարծում է, որ Հայաստանի համար դժվարություն կարող է առաջ գալ հատկապես աշնանը՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, մինչդեռ ըստ նրա, այս հարցում էլ բարդություն բացառված է։


«Ղարաբաղի խնդրում Ռուսաստանն ունի հստակ օրակարգ, Ադրբեջանում ռուսական զորք տեղադրել, դա կլինի խաղաղապահների տեսքով կամ ռազմաբազան վերադարձնելու, բայց բնական է, որ Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնի, և այն հույսերը հարաբերությունները տեղաշարժելու չի ստացվի»,-նշեց նա։