Չինացին բազմահարկ շենքի տանիքին առանձնատուն է կառուցել
Պեկինի իշխանությունները պատրաստվում են քանդել բազմահարկի տանիքին հայտնված՝ քարերով, ծառերով և թփերով շրջափակված տարօրինակ առանձնատունը՝ հայտարարելով, որ այն 26-հարկանի բնակելի շենքի տանիքին կառուցվել է ապօրինի, գրում է The Guardian-ը:
Իշխանությունները կապամոնտաժեն այս կառույցը 15 օրվա ընթացքում, եթե տերը չանի դա ինքնուրույն կամ չապացուցի, որ օրենք չի խախտել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարևանները շարունակաբար բողոքել են այդ տարօրինակ առանձնատան դեմ, որը 800 քմ տարածք է զբաղեցնում: Նրանց խոսքերով՝ այն վնասել է շենքի խողովակները, իսկ ուշ գիշերը հնչող բարձր ձայները նրանց զրկել են քնից:
Մամուլի տեղեկություններով՝ այս կառույցը պատկանում է ավանդական բժշկության ոլորտում շատ հայտնի մի չինացու:











