Սուդանում ապստամբները ռուսական ընկերությանը պատկանող ուղղաթիռ են գրավել

15:25 • 13.08.13

Սուդանի ապստամբները Դարֆուրի շրջանում գրավել են ռուսական ընկերությանը պատկանող ուղղաթիռ, որը պայմանագրով աշխատում էր ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հետ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Սուդանում ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության գործողության ներկայացուցիչ Քրիստոֆեր Չիկմանիկը հաղորդել է, որ ուղղաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Հարավային Դարֆուր շրջանում։

 

Mи-8 ուղղաթիռն արտոնագրել է ռուսական ընկերությունը և այն չի կրել ՄԱԿ-ի տարբերանշանները։ Չիկմանիկի խոսքով՝ անձնակազմի 3 անդամները գերեվարվել են Սուդանի ազատագրման բանակի ապստամբների կողմից։

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ օդաչուներից մեկը Սուդանի քաղաքացի է, իսկ երկուսն օտարերկրացիներ են։

 

«Կողմերը կապ են պաշտպանում և բանակցում են ուղղաթիռն ու դրա անձնակազմին վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է աղբյուրը։

 

Ռազմական գործողությունները Դարֆուրում շարունակվում են 2003թ.-ի փետրվարից։ Սուդանի կառավարական զորքերը և նրանց կողմնակիցները դիմակայում են խոշոր խմբավորումների, որոնք ցանկանում են հասնել գործող նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությանը։

 

Հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի գնահատականներով, Դարֆուրում զոհվել է ավելի քան 300 հազար մարդ։ Սուդանի իշխանությունները հայտարարում են, որ հակամարտությունը մոտ 10 հազար մարդու կյանք է խլել։
Ի դեպ, սա ռուսական ուղղաթիռի մասնակցությամբ առաջին դեպքը չէ տարածաշրջանում։

 

Անցյալ տարի դեկտեմբերին Ми-8 ուղղաթիռը, որի վրա առկա էր եղել ՄԱԿ-ի նշանը, խփվել էր Հարավային Սուդանում։ Զոհվել էին անձնակազմի ռուս 4 անդամները։