Ուկրաինան և ԵՄ-ն բանակցում են Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակման հարցի շուրջ

14:43 • 13.08.13

Ուկրաինական կառավարությունն ինտենսիվ բանակցություններ է վարում Եվրոպական Միության հետ՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցի շուրջ. այդ մասին այսօր գրել են ուկրաինական լրատվամիջոցները՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովին հղումով։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը,  ուկրաինական իշխանությունները բանակցում են Տիմոշենկոյին բուժման նպատակով Գերմանիա ուղարկելու հարցով, և բանակցություններում արդեն առաջընթացի են հասել։

 

Առաջին փոխվարչապետի խոսքով՝ Ուկրաինայում օրենք չկա, որով թույլատրվի կալանավորների բուժումն արտերկրում, և այդ նպատակով անհրաժեշտ է համապատասխան օրինագիծ մտցնել խորհրդարան՝ խնդիրն օրենքի շրջանակներում լուծելու համար։

 

Յուլյա Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, և այժմ Ուկրաինայում ակտիվ քննարկվում է՝ թուլատրե՞լ նախկինում դատապարտվածների մասնակցությունը նախագահական ընտրություններին, թե՞ ոչ։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2015թ.-ին։ Տիմոշենկոն այդ ընթացքում կարող է դառնալ գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի հիմնական մրցակիցը։