Ոստիկանները ակտիվիստներին թույլ տվեցին հովանոց տեղադրել, սակայն միայն ավտոմեքենայի վրա (տարբերակ 2, ֆոտո,վիդեո)
Երևանի քաղաքապետարանի մոտ հուլիսի 26-ից անժամկետ նստացույց անող ակտիվիստները քիչ առաջ փորձեցին տեղադրել իրենց արևի ճառագայթներից պաշտպանող հովանոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Դրանից հետո նստացույց անողներից Վահագն Մինասյանը, 10-15 րոպե ժամանակ տալով քաղաքապետարանին՝ հարցի հանդեպ համապատասխան դիրքորոշում հայտնելու համար, իրենց երեքի անունից հայտարարեց, որ այն չլինելու դեպքում վրանը տեղադրելու են:
«Չեն տեղադրի միայն հիմնավորում ստանալուց հետո, թե ինչու չի կարելի»,- նշեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտարարվել էր, որ «հաշվի առնելով եղանակային պայմանները և մեր առողջական վիճակը,
ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից և այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք գտնում այսօր՝ 13.08.2013 թ., ժամը 14:00-ին հովանոց տեղադրել»:
Ըստ ակտիվիստների՝ իրենց պահանջները ներկայացնելով առաջնորդվում են ՀՀ Սահմանադրության 38 հոդվածով նախատեսված իրավունքով: Այն է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
15.44
Ոստիկանները ակտիվիստներին թույլ տվեցին հովանոց տեղադրել, սակայն միայն ավտոմեքենայի վրա
Մինչ նստացույց անողները սպասում էին քաղաքապետարանի արձագանքին, քաղաքապետարանի ներկայացուցիչը դուրս եկավ ու հայտարարեց, որ նրանց պահանջներով ձևակերպված որևէ գրություն քաղաքապետարանի էլեկտրոնային որևէ հասցեով չի եկել:
Չնայած, Վահագն Մինասյանը պնդում է, որ այսօր առավոտյան էլփոտով ուղարկել են գրությունները:
«Սա իմ առողջության հարցն է և ոչ միայն իմ, և ոչ մի բան չի կարող խոչընդոտել առողջությանը»,- հայտարարեց ակտիվիստը:
Նա մեքենայի վրա կանգնած, փորձում էր հովանոցը բացել իրենց մեքենայի վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս այն բացել ոչ միայն ասֆալտի, այլև մեքենայի վրա։
Ավելի ուշ ոստիկանները թույլ տվեցին բացել հովանոցը՝ պայմանով, որ այն տեղադրվի մեքենայի վրա:










