Ուրալում կինը տան նկուղում հայտնաբերել է 15 տարի առաջ անհետացած ամուսնու մարմինը
Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի բնակիչ Ալեքսանդր Նազիպովը, ով անհետ կորել էր 1998-ին, հայտնաբերվել է իր իսկ տան նկուղում՝ մահացած: Նրա աճյունը հայտնաբերել են բանվորները, հայտնում է Life News-ը:
15 տարի առաջ կորած տղամարդն անհետացել էր 49 տարեկանում՝ թողնելով իր մեքենայի խանութը, երկհարկանի տունը, կնոջն ու երկու երեխաներին:
Կնոջ խոսքով՝ գործարարը խնդիրներ է ունեցել մրցակիցների հետ: Վերջինս փետրվարի 23-ին որոշել է ընկերների հետ տոնել Հայրենիքի պաշտպանի օրը, ինչից հետո չի վերադարձել:
Նկուղում բանվորները տղամարդու մարմնի մնացորդների մոտ գտել են սպորտային համազգեստ, որից էլ կինը ճանաչել է ամուսնուն: Այժմ փորձաքննություն է անցկացվում՝ վերջնականապես պարզելու նրա ինքնությունը:










