Լոս Անջելեսում հայեր են ձերբակալվել՝ հազարավոր մարդկանց կրեդիտ քարտերի կեղծման կասկածանքով

13:19 • 14.08.13

Լոս Անջելեսում (ԱՄՆ) երեքշաբթի օրը 7 մարդ է ձերբակալվել կրեդիտ քարտերի տվյալների գողության հանցավոր ցանցի առնչությամբ կատարվող հետաքննության շրջանակներում, հաղորդում է Glendale News-Press-ը:

 

Ոստիկանության տվյալներով՝ այս ցանցի թիրախ են դարձել հազարավոր մարդիկ, որոնց կրեդիտ քարտերի տեղեկությունը գողացվել է՝ բենզին գնելու նպատակով:

 

Ձերբակալվածները՝ Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եգոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Էմիլ Մորկուսը, ենթադրվում է, քարտերի պատճենահանման սարքեր են ստեղծել, որոնք օգտագործվել են զոհերի հաշիվների մասին տեղեկություններ ստանալու համար:

 

Նրանք այնուհետ պատրաստել են կրեդիտ քարտեր, որտեղ նշված են եղել զոհերի հաշիվների տեղեկությունները, որով բենզին են գնել և վերավաճառել, հայտնել է Գլենդեյլի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլսը: Նա հավելել է, որ այս մեխանիզմը զոհերին հարյուր հազարավոր դոլարի կորուստ կարող է հասցրած լինել:

 

Երեքշաբթի 9 տարբեր վայրերում խուզարկումներ են անցկացվել, այդ թվում՝ Գլենդեյլում, որտեղ նրանք հայտնաբերել են զենք, կրեդիտ քարտեր, քարտ պատճենահանող սարքեր, համակարգչային սարքավորումներ, երկու բեռնատար՝ բենզինը պահելու համար, ինչպես նաև 60.000 դոլար գումար:

 

Ոստիկանությունը դեռ փնտրում է Հրաչ Կեյոյին, Վաչիկ Բաբայանին և ևս մի հայի: Վաչիկ Բաբայանի կինը՝ Կարինե Բաբայանը, ձերբակալվել է իրենց տանն անցկացված խուզարկությունից հետո, որի ժամանակ կեղծ կրեդիտ քարտեր են հայտնաբերվել նրա դրամապանակում: