Քաղաքապետարանը մերժել է հովանոց տեղադրելու պահանջը և քննարկման պատրաստակամություն հայտնել

14:55 • 14.08.13

Երևանի քաղաքապետարանը մերժել է շենքի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած և արդեն 20 օր նստացույցի դուրս եկած երեք քաղաքացիների՝ հովանոց տեղադրելու գրավոր պահանջը: Մերժման հաղորդագրության մեջ քաղաքապետարանը երեք երիտասարդների հետ համատեղ քննարկում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել:


Նրանցից Վահագն Մինասյանի խոսքով՝ իրենք այսօր ժամը 17:00-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ կգնան քննարկմանը և կքննարկեն միայն հովանոց տեղադրելու հարցը:


Ինչ վերաբերում է մերժման հիմքերին, Վահագն Մինասյանն ասաց. «Հաղորդագրության մեջ նշված է, որ կանաչ տարածության վրա չի թույլատրվում հովանոց տեղադրել, իսկ մայթի վրա՝ միայն այն դեպքում, երբ հանրության շահերից կբխի և չի խոչընդոտի երթևեկությանը: Այսինքն` եթե մենք այնպիսի հովանոց տեղադրենք, որ այլոց իրավունքները չխախտվեն, կարող ենք»:


Նա նաև նշեց, թե ինչ պատասխան է տվել քաղաքապետարանը հովանոց տեղադրելու իրենց այն հիմնավորմանը, թե դա առողջական վիճակի համար է արվում. «Պատասխանել են, թե առողջական վիճակի համար կան այլ հնարավորություններ, իսկ ես երկու հնարավորություն եմ տեսնում, մեկը մեր պահանջների բավարարումն է, մյուսը` հովանոց տեղադրելը»:


Նշենք, որ երիտասարդների պահանջը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականներն է: