Ռուս լրագրողուհուն Բաքու չեն թողել՝ հայկական ազգանվան պատճառով
Ռուս լրագրող Աննա Սահակյանին Բաքու չեն թողել՝ անձնագրում հայկական ազգանուն ունենալու պատճառով։
Չնայած նա ազգությամբ ռուս է, սակայն ամուսնությունից հետո վերցրել է հայ ամուսնու ազգանունը։ Ահա, թե ինչ է գրել Աննան Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Գիտե՞ք ինչից եմ ամաչում, որ ես այդ մարդկանց բացատրում էի, որ ծնունդով ռուս եմ։ Ես հպարտ եմ իմ ազգանվան համար, մի ժամանակ ես այն փոխել եմ՝ սիրելով, և եթե ինձ վիճակված է ևս մեկ անգամ փոխել այն, ապա միայն մեծ սիրո դեպքում։
Այո, ես ափսոսում եմ, որ չասացի սա և հպարտությամբ չհեռացա։ Եթե անկեղծ՝ դա հոգնածությունից էր։ Եվ ես չեմ դառնա ազգայնական ու չեմ ատի Ադրբեջանը, սակայն տղանե՛ր, հասկանալի չէ՞, որ մենք բոլորս Աստծո առաջ հավասար ենք, և քանի դեռ չենք ներել միմյանց, երջանիկ չենք լինելու։
Ես արդեն վաղուց ռուս չեմ՝ որդուս հետ, որը կիսով չափ հայ է, տարբեր ազգության ներկայացուցիչ տղամարդկանց հետ սիրավեպերից հետո։ Այո, ես հիմա լավ չեմ։ Սակայն ոչ թե որովհետև ստիպված եղա հետ թռչել, պարզապես ամեն ինչ կուտակվել էր։
Շնորհակալ եմ «Աէրոֆլոտի» ուղեկցորդուհիներին, քանի որ նրանք ինձ բիզնես-կլաս նստեցրին և գինի տվեցին։
Այժմ ես հաստատ գիտեմ, թե ինչ են ապրում մարդիկ, երբ նրանց ազգության պատճառով ծաղրում են, թեկուզև երկրից արտաքսումը ես շատ «մեղմ» ձևով վերապրեցի։ Եվ ես հասկանում են, որ ունեմ ընդամենը հազար ընկեր, որոնք կարող են տարածել այս գրառումս և ամենակարևոր խոսքերս. մի՛ դատեք մարդկանց ազգության համար։ Այո, ես լսել էի, որ նման բան կարող է պատահել, սակայն հավատալ դրան չէի կարողացել։
Կարող է իմ համեստ խոսքը հասնել Իլհամ Ալիևի ականջին, ում պատկերը կախված էր իր հոր անունը կրող օդանավակայանի սահմանային ծառայության ղեկավարի գլխավերևում, ով ինձ թեյ առաջարկեց, սակայն այդպես էլ թույլ չտվեց հատել սահմանը և առաջարկեց փոխել ազգանունս և թռչել նորից։
Ոմանք կարծում են, որ այս ողջ աղմուկը Պուտինի այցի պատճառով է։ Սակայն պարո՛ն Ալիև, տղամա՛րդ եղեք և հեղաշրջո՛ւմ արեք հայ ժողովրդի հետ հարաբերությունների հարցում։
Եվ գիտե՞ք ինչն է ամենածիծաղելին։ Ես իրոք շատ էի ցանկանում տեսնել Բաքուն և զբոսնել հին քաղաքի փողոցներում, սակայն տեսա միայն ծովի մի կտոր՝ ինքնաթիռից։
Եվ եթե իմ ընկերների թվում կան ադրբեջանցիներ, ես հույս ունեմ, որ ձեզ համար ամոթալի է»։











