ԱՄՆ-ում զինված երիտասարդը պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին

08:49 • 14.08.13

Ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենթ-Ջոզեֆ քաղաքի բանկերից մեկում զինված անձը պատանդ է վերցրել 3 մարդու, այնուհետ բաց է թողել նրանցից մեկին, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հաղորդում են ոստիկանության ներկայացուցիչները, ազատ արձակվածը ֆինանսական հաստատության աշխատակցուհիներից մեկն է: Եվս երկու հոգի՝ մեկ տղամարդ և մեկ կին, դեռ պատանդ են պահվում:

 

Հանցագործը 20-ամյա երիտասարդ է, ում ընտանիքին է պատկանում բանկի մոտակայքում գտնվող փոքրիկ մթերային խանութը:

 

Ոստիկանության համաձայն՝ երեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով 13:00-ին, ատրճանակով զինված երիտասարդը ներխուժել է «Tensas State Bank» բանկի տեղի մասնաճյուղ և մարդկանց պատանդ վերցրել: Իրավապահ մարմինները փակել են բանկին հարող փողոցները: Իշխանություններին հաջողվել է կապ հաստատել հանցագործի հետ, ով պատանդների ազատ արձակման համար մի քանի պայմաններ է ներկայացրել: Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հանցագործն ի սկզբանե ցանկացել է թալանել բանկը, բայց երբ դա չի ստացվել, որոշել է աշխատակիցներին պատանդ վերցնել: