Խաղատան աշխատակիցը ավազակային հարձակման անվան տակ յուրացրել է 168 հազար դրամ

13:17 • 14.08.13

Օգոստոսի 13-ին` ժամը 06:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել խաղատան աշխատակից, 1981 թ. ծնված Մինաս Վ.-ն և հայտնել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող խաղատանը կատարվել է ավազակային հարձակում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:

 


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Մինաս Վ.-ն զանգահարել է խաղատան տնօրենին և հայտնել, որ ժամը 04:40-ի սահմաններում, դիմակավորված անձը խաղասրահի հետնամասի դռան զանգը տալուց հետո, երբ ինքը բացել է դուռը, նա խաղասրահի մուտքի մոտ, զենքի սպառնալիքի տակ պահանջել է գումար և ստանալով մոտ 168.000 դրամ գումար` հեռացել է:

 


Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Մինաս Վ.-ն խոստովանել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ ինքը, նախօրոք փչացնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկների ձայնագրման սարքավորումը, յուրացրել է վերը նշված գումարը` իր անձնական կարիքները հոգալու համար և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով` ստեղծել է ավազակային հարձակման իմիտացիա:

 


Կատարվում է նախաքննություն: