Քաղաքապետարանը հրաժարվեց ակտիվիստների հետ քննարկում անցկացնել, տղաները՝ «առանց հովանոցի էլ կպայքարենք» (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց շենքի դիմաց արդեն 20 օր նստացույցի դուրս եկած երեք երիտասարդների հետ քննարկում անցկացնել, որի մասին նախապես հայտարարվել էր, քանի որ տղաները նախապես ասել էին, որ կքննարկեն միայն հովանոց տեղադրելու թույլտվության վերաբերյալ հարցը:
Ինչպես լրագրողներին հայտնեց նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը, իրենք կհրաժարվեն հովանոց տեղադրելու մտքից:
«Այս 20 օրերի ընթացքում ինչպես դիմացել ենք, սրանից հետո էլ կշարունակենք, մենք առանց հովանոցի էլ կշարունակենք մեր պայքարը»,- ասաց նա:
Մինչ այդ տղաներին հանդիպեց քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը, ով նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանի հետ երկխոսության ժամանակ նշեց, որ միայն հովանոցի հարց քննարկելու համար հանդիպում չի կայանա, քանի որ դրա պատասխանը պաշտոնապես առավոտյան տրվել է:
«Դուք ձեր ձեռքին ունեք այդ պատասխանը, ձեզ անհասկանալի մասով կարող եք դիմել գրավոր կերպով և ստանալ պատասխան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակտիվիստներն իրենց կամքով են որոշել նստացույց անել, և այդ օրերի ընթացքում որևէ մեկը նրանց չի խոչընդոտել:
Այդ մտքին սակայն, հակադարձեց նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանը, նշելով, որ շատ խոչընդոտներ են եղել. «Հենց ջրերի հարցը, մենք բազմիցս դիմել ենք քաղաքապետարանին, սակայն այդ հարցը լուծվեց ոստիկանների միջոցով»:
Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ այդ հարցերով տղաները լիիրավ են՝ դիմելու համապատասխան մարմիններին:
Իր հերթին Գոռ Առաքելյանն ասաց, որ այս ամենը նշանակում է, որ սայլը տեղից չի շարժվում, հովանոցի խնդիրը մնում է օդից կախված: «Ամեն դեպքում, մեր առողջության խնդիրն ավելի կարևոր է, քան շենքի դիմացի ճարտարապետական տեսքը, իսկ մեր ներկայացրած հովանոցի տարբերակը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել երթևեկությանը»,- ասաց նա:










