«Էրգենեկոնը» և Հայոց ցեղասպանությունը. Թաներ Աքչամի անդրադարձը

13:00 • 14.08.13

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը թուրքական Taraf օրաթերթում տպագրված հոդվածում անդրադարձել է վերջերս ավարտված «Էրգենեկոնի» գործի դատավարությանը («Էրգենեկոնը» Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում էր պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար-Tert.am) և դրա՝ Հայոց ցեղասպանության հետ կապին։

 

Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Ուշադրությունից վրիպում և հաճախ մոռացվում է մի փաստ, որի տակ, սակայն, անհրաժեշտ է ընդգծել. «Էրգենեկոնի» դատավարության և Հայոց ցեղասպանության թեմայի մասին ազատորեն խոսելու միջև ուղղակի կապ կա։ Եթե այսօր Հայոց ցեղասպանության մասին հանգիստ և բաց կարողանում ենք խոսել, ապա դրա հիմնական պատճառներից մեկը Վելի Քյուչուքը (պաշտոնաթող գեներալ, «Էրգենեկոնի» առանցքային դեմքերից- Tert.am), նրա ձերբակալությունն ու «Էրգենեկոնի» գործով դատվելն է։

 

Իհարկե, դրան Հրանտ Դինքի սպանությունը և հասարակության արձագանքն էլ է ավելացնել պետք։ Սակայն սպանությանը տրված արձագանքն էլ «Էրգենեկոնի» և Հայոց ցեղասպանության միջև առկա կապն է մատնանշում։ Առանց այդ կապը հասկանալու «Էրգենեկոնի» դատավարության հարցում ճիշտ եզրահանգման գալը դժվար է։

 

Ցանկանում եմ հիշեցնել. «Էրգենեկոնի» նպատակը միայն մի շարք քաղաքական սպանություններ կազմակերպելը, հեղաշրջման համար հող նախապատրաստելուն ուղղված քայլեր ձեռնարկելը չէր։ Այն միևնույն ժամանակ քաղաքական շարժում էր։

 

Ամեն քաղաքական շարժում շատ կարևոր համարվող մի քանի թեմայի վրա է կենտրոնանում։ Իսկ «Էրգենեկոնը», որպես քաղաքական շարժում, ո՞ր հարցերի վրա է կենտրոնացել. «Անհիմն հայկական պնդումների» դեմ պայքարելու, քրիստոնյաների, Հրանտ Դինքի...

 

Իսկ ո՞ւմ են ընտրել որպես իրենց խորհրդանիշ. Հայկական ցեղասպանության «ճարտարապետ» Թալիաթ Փաշային, տեղահանության ընթացքում սպանություններ իրականացնելու մեղադրանքով 1919թ.-ին Ստամբուլում մահապատժի ենթարկված Բողազլայանի գյուղապետ Քեմալին։

 

Նրանց քաղաքական նպատակը Հայոց ցեղասպանության «սուտը հերքելն» ու ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում հայերի հանդեպ թշնամություն սերմանելն է։ Դրա համար ստեղծվել էր «Թալիաթ Փաշա» կոմիտեն։

 

Լոզանում՝ 2005թ.-ին, Բեռլինում՝ 2006թ.-ին, դարձյալ Լոզանում և Փարիզում՝ 2007թ.-ին այդ կոմիտեն հակահայկական ցույցեր էր կազմակերպել։

Այդ կոմիտեի ղեկավար անդամների մի կարևոր մասը ձերբակալվել է «Էրգենեկոնի» գործով։

 

Վելի Քյուչուքի կարծիքով՝ «Էրգենեկոնի» դատավարությունը 1919թ.-ին Հայոց ցեղասպանության պատճառով արված քայլն է հիշեցնում։ Իրեն նա նույնացնում է գործած հանցագործությունների համար 1919թ.-ի ապրիլին մահապատժի ենթարկված գյուղապետ Քեմալի հետ։

 

«Էրգենեկոնի» մեկ այլ կարևոր քաղաքական քայլը գյուղապետ Քեմալի համար հիշատակի հավաքներ կազմակերպելն էր։
Խմբավորման ղեկավարների ձերբակալությունից հետո այդ հիշատակի հավաքները դադարեցին»։