«Մուսուլմանների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմի հեղինակին ազատ են արձակել բանտից

09:08 • 14.08.13

Ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակ Մարկ Բեսլի Յուսուֆին ազատ են արձակել ամերիկյան բանտից, որտեղ նա պատիժ էր կրում վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու համար, հայտնում է Лента-ն՝ Reuters-ին հղումով։

 

Տղամարդուն տեղափոխել են այսպես կոչված՝ halfway house՝ վերականգնողական կենտրոն, որտեղ ազատ արձակված կալանավորներն իշխանությունների հսկողության տակ աստիճանաբար համակերպվում են հասարակության մեջ կյանքին։

 

Յուսուֆն այնտեղ կգտնվի մինչ իր ժամկետի ավարտը, որը լրանում է աշնան սկզբին։

 

Հիշեցնենք, որ 56-ամյա Յուսուֆին 2012-ի նոյեմբերին Կալիֆոռնիայի դատարանը դատապարտել էր 1 տարվա ազատազրկման։

Մուհամեդ մարգարեի կյանքի մասին պատմող ֆիլմը YouTube-ում հայտնվել էր 2012-ի օգոստոսին։ Այն բողոքի մեծ ալիք էր բարձրացրել մուսուլմանական երկրներում, ինչը հանգեցրել էր ԱՄՆ քաղաքացիների մահվան։