Իտալիայի նախագահն անփոփոխ է թողել Բեռլուսկոնիի դատավճիռը

08:40 • 14.08.13

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարվել է չեղյալ համարել դատարանի որոշումը, որով երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել եկամուտները թաքցնելու համար, հայտնում է Взгляд-ը: 

 

Նախագահը նաև նախազգուշացրել է Բեռլուսկոնիի գլխավորած կուսակցությանը, որն իրենց առաջնորդի քրեական հետապնդման շարունակման դեպքում սպառնում է կառավարության կազմի փոփոխությամբ, որ օրենքը պետք է խստորեն իրականացվի։

 

Սակայն Նապոլիտանոն չի բացառել, որ կարող է ներում շնորհել նախկին վարչապետին «միայն խիստ սահմանափակ հանգամանքների դեպքում»։

 

Իտալիայում մտավախություն կա, որ իշխող կոալիցիայից Բեռլուսկոնիի կուսակցության դուրս գալը կարող է հանգեցնել երկրում տնտեսական ճգնաժամի։

 

Mediaset ընկերության ֆինանսական խարդախությունների գործը, որը կապված է Բեռլուսկոնիի ձեռնարկատիրական գործունեության հետ, համարվում է ամենաաղմկահարույց դատական գործերից մեկը։ 2012-ի հոկտեմբերին Միլանի դատարանը նախկին վարչապետին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման։ Սակայն հետագայում ժամկետը կրճատվել է։