Կհարուցվի՞ արդյոք քրեական գործ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ
Շիրակի մարզի դատախազությունում իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կապակցությամբ Գյումրու բնակչուհի Գոհար Հովհաննիսյանը հաղորդում էր տվել ոստիկանության «Մուշ»-ի բաժանմունքում: Տիկինը հայտնել էր, որ հունիսի 25-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը վիրավորել է իրեն՝ աթոռին նստելու համար, այնուհետև հրահանգել աշխատակիցներին դուրս շպրտել դատախազության շենքից:
Գոհար Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը գնացել էր տեղեկանալու, թե ինչ ընթացքի մեջ են գտնվում Հնոցավան թաղամասում գտնվող իրեն պատկանող տնակից 2009թ. կատարված գողության և Բելինսկու փողոցի սեփական տանը կից կառուցված շինության հետևանքով իրեն պատճառված վնասի վերաբերյալ քրեական գործերը:
2009թ. մինչև Ռուսաստանի Դաշնություն մեկնելը Գոհար Հովհաննիսյանի դուստրը տնակի բանալին տվել էր ծանոթներից մեկին, ով ոստիկանության 4-րդ բաժանմունքի նախկին աշխատակից է: Գողության մեջ տիկինը կասկածում է հենց այս անձին: Գողության հետ կապված քրեական գործ հարուցվել էր, սակայն հետագայում կասեցվել: Բացի այդ, իրենց՝ Մոսկվայում գտնելու ընթացքում Նորավան թաղամասի Բելինսկի 21 հասցեում գտնվող տանը կից հարևանը կառուցել էր բազմահարկ սեփական տուն՝ ստվերի մեջ թողնելով Հովհաննիսյանների միհարկանի տունը:
«Ես նման համաձայնություն չեմ տվել, ամեն ինչ արվել է ապօրինի ու կեղծ փաստաթղթերի հիման վրա: Կառուցված տան պատճառով տունս արևի երես չի տեսնի, լրիվ քանդվել է խոնավությունից: Բացի այդ, հողամասիցս էլ 49 մետր միացրել են համայնքի հողին ու վաճառել այլ անձի: Մի խոսքով, միլիցեն մի տունս թալնեց, Վարդան Ղուկասյանն էլ մյուս տունս փոշիացրեց»,- դժգոհեց Գոհար Հովհաննիսյանը:
Քրեական երկու գործն էլ Գոհար Հովհաննիսյանի խնդրանքով քննվել է Լոռու մարզում: Տիկինը վստահություն չի ունեցել, թե Շիրակի մարզում կլինի արդար դատաքննություն: «Ես բացարկ էի հայտնել այն ժամանակվա Շիրակի մարզի դատախազի դեմ, քննչական բաժնի և դատարանի դեմ ու խնդրել էի, որ այլ մարզում քննեն իմ գործը, դրա համար էլ ուղարկել էին Լոռու մարզ: Քանի որ էն ժամանակ Լոռու դատախազը Շահբազյանն էր, ես էլ իրա մոտ էի եկել էդ գործերից տեղեկություն իմանալու»,- բացատրեց Գոհար Հովհաննիսյանը:
Տիկնոջ պատմելով ինքը 40-ից 45 րոպե սպասել է դատախազության միջանցքում, գրանցվել ընդունելության համար: «Դե, 60 տարեկան կին եմ, առողջականս էլ էնքան լավ չէ: Միջանցքում աթոռ չկար ու սպասելուց հոգնել էի, դրա համար էլ երբ ինձ հրավիրեցին դատախազի կաբինետ, ներս մտնելուց հետո հարցրեցի, թե «կարելի՞ է նստել», նստեցի աթոռին ու մենակ էդ կհիշեմ: Շահբազյանը սկսեց գոռգոռալ վրաս, հետո կանչեց աշխատակիցներին, որ ինձ դուրս հանեն կաբինետից»,- պատմեց տիկին Հովհաննիսյանը:
Կնոջ պատմելով՝ իրեն քաշքշել են դատախազության աշխատակիցները: Դուրս գալով դատախազության շենքից՝ ինքնազգացողությունը վատացել է, ճնշումը բարձրացել, հետո նստել է տաքսի մեքենա և գնացել դատաբժշկի մոտ, որտեղ ստուգել են մարմնի վնասվածքներն ու տվել համապատասխան եզրակացություն, այնուհետև դիմել է մարզային ոստիկանություն: Այնտեղից նրան ուղղորդել են ոստիկանության «Մուշ» բաժանմունք, որտեղ էլ հաղորդում է տվել կատարված հանցագործության մասին:
«Ես պահանջեցի, որ գործը քննի ՀՔԾ-ն: Էսքան ժամանակ է անցել, բայց քրեական գործ չեն հարուցել,- նեղսրտեց տիկինը,- բայց իրանք պարտավոր էին 10 օրվա մեջ գործ հարուցել: Ես քննիչ Վիքիլյանին հարցնում եմ, թե ինչի՞ գործ չի հարուցել, ինձ պատասխանւմ է, թե դեռ քննում ենք հանգամանքները: Ես վստահ չեմ, թե գործ կհարուցվի, որովհետև Շահբազյանը խնամիական կապերի մեջ է Աղվան Հովսեփյանի հետ: Շահբազյանի Սուրիկ անունով ախպոր աղջիկը Աղվան Հովսեփյանի ախպոր հարսն է: Բա բարեկամը բարեկամի վրա գործ կհարուցի՞»,- նկատեց Գոհար Հովհաննիսյանը:
Tert.am-ի տեղեկություններով՝ միջադեպի հետ կապված նյութեր են նախապատրաստվում հատուկ քննչական ծառայությունում:










