Կահիրեում բողոքի ակցիան ցրելու ընթացքում ձերբակալվել են «Մուսուլման եղբայրների» առաջնորդները
Եգիպտոսի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ իշխանությունները ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» շարժման մի քանի առաջնորդների, երբ պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցները հրաժարվել են լքել Ռաբաա ալ-Ադաույա մզկիթի մոտ գտնվող վրանային ճամբարները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ձերբակալված առաջնորդների անունները չեն նշվում: Նախարարի խոսքով՝ իշխանությունները ձերբակալել են ևս մոտ 200 հոգու, ովքեր մասնակցում էին նստացույցին: Ձերբակալվածներից շատերը զինված են եղել և ունեցել են գազի բալոններ: Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է բուլդոզերներով և արցունքաբեր գազի օգնությամբ մզկիթի մոտ գտնվող հրապարակից քշել ցուցարարներին:
Միևնույն ժամանակ, «Ալ-Ջազիրայի» տեղեկություններով, Կահիրեում վրանային ճամբարները ցրելու ընթացքում զոհված ցուցարարների թիվը հասել է 36-ի: «Մուսուլման եղբայրների» տվյալներով՝ զոհերի թիվը 250 է, իսկ վնասվածքներ է ստացել մոտ 5.000 մարդ:










