Եգիպտոսում հրկիզվել են քրիստոնեական եկեղեցիներ, Գիզայի բուրգերը փակվել են
Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները տարբեր տվյալներով 3-7 քրիստոնեական եկեղեցի են հրկիզել երկրի կենտրոնական մի շարք բնակավայրերում, հայտնում է France-Presse-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԳՆ-ն փորձել է ցրել ցուցարարների վրանային ճամբարները Կահիրեի կենտրոնում, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
Հրկիզվել են ղպտիների՝ Եգիպտոսի 10 տոկոսը կազմող քրիստոնյա բնակչության եկեղեցիներ Սոհագում, Էլ-Մենիայում և այլուր: Ըստ մուսուլմանների՝ ղպտիական եկեղեցին սատարել է Մուրսիի տապալմանը:
Չդադարող հուզումների ֆոնին Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը հրահանգել է ժամանակավորապես փակել Գիզայի բուրգերը, Կահիրեի և Ալեքսանդրիայի թանգարանները:










