Ուկրաինայի դրոշին նմանվող զուգարանի օդը թարմացնող միջոցը հանվել է եվրոպական շուկայից
Գերմանական Henkel ընկերությունն Արևելյան Եվրոպայի շուկաներից հանել է զուգարանի համար նախատեսված օդը թարմացնող միջոցը՝ ուկրաինացիների դժգոհություններից հետո, որոնք հայտնել են, որ այն նման է իրենց դրոշին, գրում է The Guardian-ը:
Ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված Bref Duo Stick-ի գովազդն անցած շաբաթ գրավել է ուկրաինացիների ուշադրությունը: Գովազդի մեջ դեղին և կապույտ ապրանքը, որը փոքրիկ դրոշի տեսք ունի, դրվում է զուգարանում:
Henkel-ի ներկայացուցիչ Թորե Բիրոլը Reuters-ին հայտնել է, որ ընկերությունը բողոքների արդյունքում հանել է իր արտադրանքը շուկայից 3 օրվա ընթացքում:
«Մենք ցավում ենք, եթե մարդիկ վիրավորվել են ապրանքի դիզայնից: Մենք դադարեցրել ենք դրա արտադրությունը, տարածումը և գովազդը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ապրանքի դեղին գույնը լիմոնի բուրմունքն էր խորհրդանշում, իսկ կապույտը՝ ջուրը և հիգիենան:










