Մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը
Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Պատճառը գլխուղեղի ուռուցքն էր: Բաբայանն արդեն մեկ անգամ վիրահատության էր ենթարկվել Ֆրանսիայում:
News.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբուժական ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը հայտնել է, որ վերջինս իրենց մոտ ընդունվել է օգոստոսի 5-ին, նրա մոտ առկա է եղել գլխուղեղի ուռուցք, ինչի կապակցությամբ օգոստոսի 9-ին վիրահատել են:
«Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել: Վիրահատությունից հետո տեսել եմ, ծանր վիճակում էր, չէր խոսում, գիտակցության էլեմենտներ կային, բայց, դժբախտաբար, բարդություններ են առաջացել, մահացել է»,- ասել է բժիշկը, հավելելով, որ փորձաքննությունը կպարզի, թե հատկապես ինչն է հանգեցրել մահվան:
Աբրահամ Սուրենի Բաբայանը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 21-ին Արարատ քաղաքում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Արարատի քաղաքում` բանվորից մինչև Արարատի քաղաքապետ: 1998թ. հունիսին ընտրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: 1998թ. դեկտեմբերին ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն:
1992թ. ընտրվել է «Ցեմենտ» ֆուտբոլային ակումբի նախագահ:
1999թ.-ին ստեղծել է «ՖԱ» Արաքս ՓԲԸ-ն, որի հիմնադիր նախագահն էր մինչ օրս: 2002թ. հունիս ամսից ՀՀ Էներգետիկայի նախարարի հրամանով նշանակվել է Արարատի էլցանցի պետ: Դեկտեմբերին իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:
2004թ. նոյեմբերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ- ի հրավերով նորից նշանակվել է Արարատի շրջանի Էլցանցի պետ և աշխատել է մինչև Արարատի քաղաքապետ ընտրվելը՝ 2007թ. հուլիսի 1-ը:
Բաբայանն ամուսնացած էր, ուներ երեք երեխա և երեք թոռ:
Լուսանկարը՝ 168.am.-ի










