ԱՄՆ-ում սխալով է տպվել 30 մլն հատ թղթադրամ

15:29 • 15.08.13

ԱՄՆ-ում պատրաստվում են 100 դոլարանոց թղթադրամների առավել պաշտպանված տարբերակի թողարկմանը, իսկ մինչ այդ թղթադրամների տպարանը ստիպված է հետ վերցնել արդեն թողարկված 30 մլն հատ թղթադրամը՝ առկա սխալի պատճառով:

 

ԱՄՆ փորագրման և տպագրության բյուրոյի ներկայացուցիչ Դարլին Անդերսոնի խոսքով՝ թողարկված թղթադրամների վրայի գծերը չեն ստացվել այնքան հստակ, որքան պետք է, հայտնում է rt.com-ը՝ հղում անելով The New Yorker-ին: Մինչդեռ, մասնագետների խոսքերով, նման սխալներ շատ հազվադեպ են պատահում, իսկ նման մասշտաբով՝ գրեթե երբեք:

 

Հենց թղթադրամները հասել են դաշնային ռեզերվ, անմիջապես վերադարձվել են Վաշինգտոնի տպարան:

 

Սխալներով տպագրությունը պետությանը թանկ է արժենում: Մեկ թղթադրամի թողարկումը գրեթե 12 ցենտ է արժենում: Հետևաբար, 30 մլն հատ թղթադրամ թողարկելու համար պետք է վճարել 3 մլն դոլարից ավելի: Իսկ թղթադրամները հետ կանչելու ծախսերը կազմում են հավելյալ 12 հազար դոլար, հայտնում է աղբյուրը:

 

Բենջամին Ֆրանկլինի նկարով 100 դոլարանոց թղթադրամն աշխարհում ամենատարածվածն է, ինչի պատճառով ԱՄՆ ֆինանսական իշխանությունները որոշել են ստեղծել նոր, առավել պաշտպանված տարբերակը՝ կեղծիքներից պաշտպանելու համար: