Գերմանական դատարանն արդարացրել է նացիստական ողջույն հղած արվեստագետին
Գերմանական Կասել քաղաքի դատարանն արդարացրել է 43-ամյա արվեստագետ Յոնաթան Մեզեին, ով մեղադրվում էր արգելված ժեստեր ցուցադրելու համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Spiegel-ին:
Դատախազությունը ցանկանում էր արվեստագետին տուգանել 12 հազար եվրոյի չափով՝ նացիստական ողջույնի շարժումը հրապարակայնորեն մի քանի անգամ կրկնօրինակելու համար:
Դատարանը որոշել է, որ Մեզեն իրական կյանքում Ադոլֆ Հիտլերի աջակից չէ, իսկ նրա ժեստերը պերֆորմանսի մաս են եղել: Համաձայն դատարանի պարզաբանման՝ քրեական օրենսգիրքը թույլ է տալիս օգտագործել նացիստական ողջույնը և Երրորդ ռեյխի այլ խորհրդանիշեր հանուն արվեստի:
Մեզեն իր եզրափակիչ խոսքում ընդգծել է, որ մերժում է ցանկացած տեսակի գաղափարախոսություն, այդ թվում՝ նացիստական: Նա բացատրել է, որ իր գործողությունները գեղարվեստական ներկայացման մաս են եղել:
Դահլիճում ներկա գտնվողները ծափահարություններով են ողջունել դատարանի որոշումը:










