«Աներձագային ընտրություններ» թիվ 38 ընտրատարածքում. բայց դա արդարացում չէ կուսակցությունների անգործության համար. Հ. Խառատյան

16:13 • 15.08.13

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թիվ 38 ընտրատարածքում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից առաջադրումների պասիվությանը, կարծիք հայտնեց, որ դա արված է փող, աշխատանք և ռեսուրսներ չվատնելու համար, ինչը քողարկվում է ընտրությունների՝ կանխորոշված լինելու մասին դատողություններով:


Ազգագրագետի կարծիքով՝ որքան պառլամենտական կուսակցությունները թաքնվեն այդ բառերի հետևում, գնալով ավելի ու ավելի են փաստելու իրենց պարտվածությունը:


- Տիկի՛ն Հակոբյան, այսօր թիվ 38 ընտրատարածքում առաջադրման վերջնաժամկետն է, սակայն Հայ Յեղափոխական դաշնակցությունը թեկնածու չի առաջադրում է՝ անիմաստ համարելով «չընտրությունների» համակարգում առաջադրվելը, ըստ ամենայնի, «Հայ ազգային կոնգրեսը»՝ նույնպես, իսկ «Բարգավաճ Հայաստանը» երեկվա դրությամբ այդ հարցը նույնիսկ չէր էլ քննարկել: «Ժառանգությունն» էլ խոստացել է մասնակցության մասին հայտնել այսօր: Ինչո՞վ կբացատրեք կուսակցությունների այս պահվածքը:


- Նախ, ես կարծում եմ, որ սկզբունքային բոյկոտը մեկ ընտրատարածքի համար անիմաստ բան է: Այսինքն` եթե բոյկոտում են, դա պետք է լինի բոլոր ընտրությունների համար: Երկրորդը. ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից՝ նախադեպը Նեմեց Ռուբոյի տարածքն է, երբ եկավ, տեսավ ու հաղթեց (Տարոն Մարգարյանի աներձագը, ով պատգամավոր ընտրվեց թիվ 1 ընտրատարածքում): Ոչ ոք իրեն չտեսավ, բայց ինքը հաղթեց: Այսինքն՝ այս նախադեպերը կուսակցությունների որոշումների (չառաջադրվելու) վրա ազդում են: Բայց մյուս կողմից, վստահ եմ, որ հատկապես այս պառլամենտում ներկայացված կուսակցությունների մեջ ո՛չ քաղաքական պատրաստակամություն կա, ո՛չ քաղաքական պատրաստվածություն, ո՛չ գործողությունների հստակ ծրագիր է երևում, ո՛չ էլ աշխատանքային ռեսուրս կա կարծես թե: Ես կարծում եմ, որ կուսակցությունները պարզապես փորձում են թաքցնել իրենց անգործությունը: Եվ կարծում եմ, մեծ հաշվով, իրենց լիովին պարտված են զգում ՀՀԿ-ից:


- Փաստորեն ի՞նչ, ողջ կուսակցությունում չունեն գոնե մի մարդ, որին, թեկուզ վստահ լինելով, որ ՀՀԿ թեկնածուն «հաղթելու է», բայց առաջադրեն ու կռի՞վ տան:


- Եթե մարդ առաջադրվի, աշխատանք կա անելու. պիտի գնան, խոսեն, ներկայացնեն, փորձեն ռեսուրսներ հավաքել տեղերում: Կարծում եմ, որ էս ամբողջը չանելու համար է, որ մարդ չեն դնում: Ես դրանում գնալով ավելի ու ավելի եմ համոզվում: Եվ, ի վերջո, ավելի հեշտ է ասել, որ ընտրությունները կեղծ են լինելու, կեղծեցին, մենք չուզեցինք կեղծիքին մասնակից լինել և լեգիտիմացնել ընտրությունների ընթացքը: Բայց այդ ընթացքն ինքը աշխատանք է, երևույթները և գիտակցությունը փոխելու ձև է, ճանապարհ է: Ինչքան պառլամենտական կուսակցությունները հայտնվեն այդ բառերի հետևում, գնալով ավելի ու ավելի են փաստելու իրենց պարտվածությունը:


- Գաբրիել Գարսիա Մարկեսը մի պատմվածք ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա», և դարձյալ վերադառնալով չհայտարարված բոյկոտի թեմային, կարող ե՞նք նման հարցադրում անել, որ այս դեպքում, թող հայտարարեն, որ բոյկոտում են և բոյկոտում են բոլոր կուսակցությունները, ոչ թե մի մասը առաջադրվի նախագահական ընտրություններին, մի մասը՝ խորհրդարանականին, հետո բոյկոտի ԱԺ լրացուցիչ ընտրությունները:


- Իրենք կհայտարարեն-չեն հայտարարի, գիտե՞ք, կարծում եմ, որ դրանից հասարակության իրական գնահատականը չի փոխվի: Դա այնքան հստակ է, որ ոչ մի կողմից արված հայտարարությունը արդեն արժեք չունի: Այդ հայտարարություններն իրենք մենակ թղթի վրա, իրենք իրենց համար են անում:


Հասարակությունն արդեն արժևորել է և՛ հայտարարությունները, և՛ կուսակցությունների իրական արժեքը: Եվ մյուս կողմից, եթե այդ տարածքում որևէ կուսակցություն ունի որևէ արժանավոր մարդ և այդ մարդու համար ջանք չի թափում, ինքն արդեն արժեզրկում է իր կուսակցության ներկայությունն այդ տարածքում:


- Լա՛վ, իսկ այսպես ինչքա՞ն կարող է շարունակվել:


- Հենց այս պահին գրում եմ մեծ, ծավալուն հոդված, որը վերնագրել եմ՝«Այսպես ինչքա՞ն կարելի է»: Չի կարելի էսպես:


- Իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ըստ Ձեզ, ներսից հայացք չունե՞ն, չե՞ն զգում, որ պետք են փոփոխություններ, վերանայումներ՝ դեմքերի, մարտավարության:


- Իհարկե զգում են, հասկանում են այդ անհրաժեշտությունը, բայց նրանք արդեն հոգեբանորեն պարտված են զգում: Իրե՛նց հոգեբանական պարտությունն է, որ արդեն հասարակական արժեք է դարձել:


- Դուք Կապանում Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածու Արմեն Կարապետյանի…


- Սուրիկ Խաչատրյանի առաջադրած մարդն է:


- Ունե՞ք այս մասին տեղեկություններ:


- Ոչ մի մասնավոր տեղեկատվություն չունեմ, բացի նրանից, որ մամուլը գրում է, և կարծիք չեմ արտահայտում: Բայց վստահ եմ, դատելով մեր երկրի զարգացումներից և օրինաչափություններից, նույն տարբերակն է՝ ինչ-որ Ավանում: Մի խոսքով՝ «աներձագային ընտրություններ են»: